Կարեն Հակոբյանի փաստաբանները կբողոքարկեն կալանավորման որոշումը

PARA TV-ին տեղեկացրել էր, որ «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե:

Չնայած այդ ամենին՝ վերջինս ձերբակալվեց և անմիջապես միջնորդություն ներկայացվեց դատարան:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը քննության առնելով միջնորդությունը մի քրեական հետապնդման որոշման վերաբերյալ, որը հարուցվել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ ակտիվ քննչական գործողությունները սկիզբ էին առել 2019 թվականին, որոշել էր կալանավորել գործարարին՝ երկու ամիս ժամկետով:

Կալանքի միջնորդությունը ներկայացվել էր առանց որևէ տվյալի, որ գործարար Կարեն Հակոբյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել:

Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը մեզ հայտնեց, որ սեպտեմբերի 24-ին մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք՝ դատավոր Դադոյանի որոշման դեմ՝ մանրամասն մատնանշելով այն հիմքերը, ըստ որոնց դատարանը չէր կարող կալանքը որպես խափանման միջոց ընտրել:

Ըստ փաստաբանների՝ դատական ակտի նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և ի վերջո՝ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման:

Փաստաբանները գտնում են, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր:

«Փաստինֆո»