Հարիս․ ԼՂ-ից տեղահանված հայերի՝ անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունության համար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Այս մասին ասվում էԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարության մեջ՝ ուղղված հայ-ամերիկյան հանրությանը

«Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։

Մինչ մենք տոնում ենք այս օրը, մենք նաև պետք է երբեք չմոռանանք Հայոց ցեղասպանության մասին, երբ շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին և քշվեցին դեպի մահվաներթ:

Սա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ-ամերիկյան համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր Ամերիկյան մեր հավաքական պատմության մեջ: Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հասնելու գաղափարին՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:

Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման նրա ջանքերում:

Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջև կապերի խորացմանը և գործընկերության ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժեքներին և ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ: Հարգանքով, Փոխնախագահ Քամալա Հարիս։»։

News.am