«Հըզբոլլահը» հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. թիրախը «Մոսադի» շտաբ-բնակարանն էր

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռ է արձակել Թել Ավիվի մերձակայքում գտնվող իսրայելական հետախուզության «Մոսադ» հրամանատարական կետի ուղղությամբ, որը պատասխանատու է շարժման մի քանի առաջնորդների ոչնչացման և Լիբանանում փեյջերների պայթյունների համար:

«Լիբանանյան դիմադրությունը սեպտեմբերի 25-ի առավոտյան ժամը 06: 30-ին «Կադեր – 1» հրթիռի արձակում է իրականացրել Թել Ավիվի մերձակայքում գտնվող «Մոսադ» հրամանատարական կետի ուղղությամբ, որը պատասխանատու է ղեկավարության անդամների ոչնչացման, փեյջերների և ռացիաների պայթյունների համար», - ասված է սոցիալական ցանցերում շարժման հայտարարության մեջ:

Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ «Հըզբոլլահն» առաջին անգամ օգտագործել է իրանական արտադրության «Կադեր-1» հեռահար բալիստիկ հրթիռ:

Իրավիճակը տարածաշրջանում հերթական անգամ լարվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հըզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:

Շիա դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի օդուժի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։

Sputnik Արմենիա