Փորձաքննությունների ազգային բյուրոն տոնում է հիմնադրման 20 ամյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը տոնում է հիմնադրման 20-ամյակը: Այս առիթով այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական եռօրյա գիտաժողովը:

 

Միջոցառմանը ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ պետական գերատեսչություններից, իրավապահ մարմինների, բժշկական կազմակերպությունների, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ ՀՀ-ից և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից (այդ թվում՝ ԱՄՆ, ՌԴ, Շվեյցարիա, Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Իսրայել և այլն), ինչպես նաև հեղինակավոր բժիշկներ, դատավորներ, գիտնականներ, իրավաբաններ, միջազգային իրավապաշտպաններ:

Նշենք, որ ԳԱԱ կազմում գործող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Ներկայումս Բյուրոյում գործում են փորձագիտական, գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող 31 ստորաբաժանումներ, իրականացվում են փորձագիտական 28 տեսակներով և 114 ենթատեսակներով փորձաքննություններ: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում Բյուրոյում իրականացվել են շուրջ 70.000 դատական փորձաքննություններ:

News.am