Կիպրոսը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, Երևանը կողմ է Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը
Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
Հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
Նրա խոսքով` պետք է ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի համագործակցությունը։
Կիպրոսի ՊՆ ղեկավարն ասաց, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը ներառում է միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում` համատեղ զորավարժություններ, զինվորականների փոխայցելություններ և պաշտպանական գնումներ:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` Պալմասը շեշտեց` այդ երկիրը փորձում է ապօրինի ներգաղթն օգտագործել որպես Կիպրոսի վրա ճնշման գործիք։ Նրա խոսքով` վերջին տարիներին Թուրքիան ռևիզիոնիստական արտաքին քաղաքականություն է վարում և հարձակվողական հռետորաբանություն ունի` փաստացի սպառնալով Կիպրոսի և ողջ Արևելյան Միջերկրական ծովի կայունությանն ու անվտանգությանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։
«Չէինք կարող չանդրադառնալ Կիպրոսի անմիջական հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով»,– նշեց Պապիկյանը։
Շեշտեց` բաց և անկեղծ քննարկումներ են ունեցել անվտանգային հարցերի շուրջ։ Այսօրվա բանակցությունների ուշադրության կենտրոնում էր նաև Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումները և իրավիճակը: Պապիկյանը վստահեցրեց` Երևանը կողմ է Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերում ամրագրված հանրահայտ սկզբունքները։
ՀՀ ՊՆ ղեկավարը նշեց, որ այսօրվա քննարկումների առանցքում եղել է նաև պաշտպանական համագործակցությունը, այդ թվում` եռակողմ ձևաչափով` Հունաստանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը Երևանում խորհրդակցություններ են անցկացրել պաշտպանության ոլորտում ՝ ստորագրելով հաջորդ տարվա ռազմական համագործակցության ծրագիրը։
Sputnik Արմենիա