Սահակյան․ ՄԻԵԴ-ում Ադրբեջանը կեղծ եզրակացություններ է ներկայացրել
Միջազգային հանցագործությունների հետ կապված Փորձաքննությունների ազգային բյուրոյի կատարած աշխատանքը ակնառու է եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Միջազգային հանցագործությունների դեմ պայքարը ժամանակակից մարտահրավերներից է և իրվապաշտպանականհամայնքի խնդիրն է՝ ներկայացնել միջազգային հանցագործություններից տուժած անձանց իրավունքները միջազգային ատյաններում:
Այս ատյաններում ներկայացվում են եզրակացություններ, որոնց նպատակը միջազգային հանրության շրջանում տեսակետ ձևավորելն է, որ կոնֆլիկտների ընթացքում չեն կատարվել հանցագործություններ: Մենք ցավոք, ականատես ենք եղել այնպիսի արատավոր պրակտիկայի, երբ միջազգային ատյաններում, ինչպիսին ՄԻԵԴ-ն է, պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, ներկայացրել է կեղծ եզրակացություններ: Սա այն մարտահրավերներից է, որի հաղթահարումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Բյուրոյի աշխատակիցների պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում իրականացված փորձաքննությունների միջոցով մենք հաջողությամբ կարողացել ենք դուրս բերել եղելությունը: Այդ փորձաքննությունները եղել են մրցունակ, միջազգային հարթակներում դեր են խաղացել և շարունակում են դեր խաղալ հայկական փաստարկները հիմնավորելու, իրականությունը հաստատելու և միջազգային արդարադատությանը նպաստ բերելու համար»,-ասաց նա:
News.am