«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 և 2023 թ-ին։ Այժմ այն նույնպես մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:

Այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին կնշի իր գործունեության 14 տարին։ 2010 թ-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։

«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Մարիյա Բուտենկոն կոչ է անում քվեարկել՝ ընդգծելով, թե ինչ ազդեցություն կունենա հաղթանակը «Այն կօգնի մեզ շարունակել նպաստել տեղական համայնքի զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջխաղացմանը։ Ուստի կոչ եմ անում բոլորին քվեարկել և Հայաստանի համար այս կարևոր ձեռքբերման մաս լինել»։

«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝

- Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով

- Գրանցվել էլեկտրոնային փոստով

- Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը

- Սեղմել Start Voting կոճակը

- Ընտրել World բաժինը

- Ընտրել 63-րդ տողը՝ World's Leading Cable Car Ride 2024

- Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։

- Քվեարկության վերջնաժամկետը 2024 թ-ի հոկտեմբերի 20-ն է:

«ՏաԹևեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը: Ճոպանուղին կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։

News.am