Աֆեյան․ Դժվար է COP29-ին լուրջ քննարկում ծավալել
Սարսափելի հեգնանք է, որ Ադրբեջանն այս տարի պետք է հյուրընկալի ՄԱԿ-ի COP29 միջազգային կլիմայական համաժողովն այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ այս երկիրը լուրջ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական հասարակության վրա, որը փորձում է լուծել աշխարհի առջև ծառացած կարևորագույն խնդիրները՝ սկսած կլիմայի փոփոխությունից և վերջացրած սննդի անվտանգությունով ու մարդու իրավունքներով։ Այս մասին Նյու Յորքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Carnegie Corporation-ի և The B Team-ի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Քննարկումը նվիրված էր Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների և բնապահպանական հարցերին և անցկացվում է Ադրբեջանում այս տարի նախատեսված ՄԱԿ-ի COP29 միջազգային կլիմայական համաժողովին ընդառաջ։
Նուբար հիշեցրեց, որ օրեր առաջ լրացավ մեկ տարին այն պահից ի վեր, երբ 9-ամսյա շրջափակումից հետո 120,000 արցախցիներ ստիպված եղան լքել իրենց տները, երբ իր ընկեր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար ձերբակալվեց և առ այսօր պահվում է Բաքվի բանտերում։
«Դժվար կլինի լուրջ քննարկում ծավալել այս հարցերի շուրջ, երբ հանրության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների գուցե թույլ չտրվի այցելել Բաքու՝ այս հանդիպմանը մասնակցելու համար»,- ասաց նա։
Նուբար Աֆեյանը նշեց, որ ի հավելում սրան այս տարվա մայիսին Ադրբեջանն առաջարկեց, որպեսզի ՄԱԿ-ի այս տարվա COP29 միջազգային կլիմայական համաժողովը դառնա խաղաղությանը նվիրված համաժողով, առաջարկեց, որպեսզի հրադադար հաստատվի Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչն առանձնապես վիրավորական է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չկարողացավ խաղաղության հասնել այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում։ Սա, նրա խոսքով, թշնամական մթնոլորտ է ստեղծում տարածաշրջանում, ինչի համար Ադրբեջանն է պատասխանատու։
Նուբար Աֆեյանը նշեց, որ Ադրբեջանը նաև ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի նախկին ղեկավարությանը, հայ ռազմագերիների, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիրների։ «Այս համատեքստում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է խոսել մարդու իրավունքների և խաղաղության մասին, երբ Ադրբեջանը միաժամանակ դիմում է այսպիսի գործողությունների»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունը կարևորագույն հարցերից մեկն է, սակայն եթե այս խնդրին նվիրված համաժողովը պետք է տեղի ունենա մարդու իրավունքների ոտնահարման, խաղաղություն չհաստատելու հաշվին, ապա համաժողովին չի հաջողվի հասնել իր առջև դրված նպատակների իրագործմանը։
Նուբար Աֆեյանը նաև ասաց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է որպես առաջին քայլ 300-ից ավելի քաղբանտարկյալներին, որոնք այս պահին պահվում են անազատության մեջ, այդ թվում Ռուբեն Վարդանյանին։
News.am