Երևանի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի համար ՀԷՑ-ը կներդնի շուրջ 6․7 միլիարդ դրամ

Երևանի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 67 միլիարդ դրամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հանդիպման ժամանակ այս մասին ասել են ՀԷՑ–ի ներկայացուցիչները, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշվում է, որ Ավինյանին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառողներ) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։ Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։

Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող թվով 23 տրանսֆորմատորային ենթակայաններն անվտանգության նկատառումներից ելնելով դուրս կբերվեն և տեղ կգտնեն այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։ Եվս 31 ենթակայաններ կարդիականացվեն և կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։

Ծրագիրը կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։

Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը ասուլիսում խոսել էր վերջին շրջանի աղմկահարույց հոսանքազրկումների մասին։

Նա ընդգծել էր, որ Կենտրոն վարչական շրջանի բեռը 2020թ համեմատ աճել է 8-10 անգամ։ Երևանում 68 հազար նոր բաժանորդի միացման հայտ կա, որից 40 հազարն արդեն միացված է ցանցին, 28 հազարն ընթացքի մեջ է։

Նա վստահեցրել էր, որ վթարների մոտ 34 տոկոսն այսօր տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում ՀԷՑ-ի մալուխների վնասման հետևանքով։ Դարբինյանը խոսել էր նաև այս տարվա հուլիսի 6-ին Երևանի «ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին՝ հիշեցնելով, որ Երևանի ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիրի շուրջ 20 տոկոսը, իսկ հրդեհի հետևանքով բեռը տեղաբաշխվել էր ՀԷՑ–ի այլ ենթակայանների միջև։

Sputnik Արմենիա