«Եվրաքվեի» ընթացքը հուսադրող չէ, ստորագրությունները բավարար չեն

Եվրոպական միությանը անդամակցության հանրաքվեի հարցով ՀՀ արևմտամետների նախաձեռնած ստորագրահավաքի ընթացքը հուսադրող չէ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

Նշենք, որ ուղիղ 10 օր առաջ է մեկնարկել ստորագրահավաքը։

«Տեմպերը, մեզ հասած տեղեկություններով, բավարար չեն, և նախաձեռնողները բավականին ընկճված են։ ՀՀ քաղաքացիների փոքր մասն է հետաքրքրված դրանով, և դրանով է պայմանավորված, որ մինչ օրս թիվ չեն հրապարակել, թե ինչքան մարդ է ստորագրել «Եվրաքվեի» փաստաթուղթը: Սրա մասին է վկայում նաև վարչական շրջաններում բացված կենտրոնների սակավամարդ պատկերը` հատուկենտ մարդիկ են գալիս ստորագրելու»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների` մինչ այս պահը մոտ 3 հազար քաղաքացի է քվեարկել ու դրա պատճառով, մի քանի օր է՝ ժողովրդավարական հարթակի մաս կազմող ուժերը դռնեդուռ են ընկել, քարոզչություն են իրականացնում մայրաքաղաքում և մարզերում։ Այսօր լինելու են Վանաձորում, հետո` Գյումրիում։

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը թերթին ասել է, որ ստորագրահավաքը շատ լավ է անցնում և վստահեցրել է` պահանջվող 50 հազար ստորագրությունը կհավաքեն։ Խզմալյանն ընդգծել է`տեղեկությունները, թե 3000 մարդ է ստորագրել, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ երկրորդ օրն արդեն պահանջվող 50 հազարի 20 տոկոսը հավաքել էին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 51 քաղաքացի փաստաթղթեր էր ներկայացրել ԵՄ–ին անդամակցելու հարցով ստորագրահավաք սկսելու համար։ ԿԸՀ–ն որոշում էր կայացրել գրանցել Արտակ Զեյնալյանի գլխավորած նախաձեռնող խմբի գրանցումը։

Sputnik Արմենիա