Իսրայելական ընկերությունը դատի է տվել Երուսաղեմի հայերին՝ հայկական թաղամասի շուրջ վեճի շրջանակում
Իսրայելական Xana Gardens ընկերությունը, որը հավակնում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հողամասին, հայց է ներկայացրել թաղամասի փրկության շարժման համահիմնադիրներ Հակոբ Ջերնազյանի և Սեթրագ Բալյանի դեմ, X-ում հաղորդել է շարժումը:
Շարժումն իր դեմ հայցն անվանել է վախեցնելու էժան ռազմավարություն՝ վախի և անորոշության մթնոլորտ ստեղծելու նպատակով:
«Այս քայլը ոչնչով չի տարբերվում «Կովերի պարտեզը» բռնի կերպով գրավելու նախորդ փորձերից, որոնք իրականացվել են ուժային գործողությունների և վարձու խմբավորումների հարձակումների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ակտիվիստները կողմերին կոչ են արել ձեռնպահ մնալ միակողմանի կամ պատասխան գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել կամ դժվարացնել իրավական գործընթացը:
«Պատմությունը փոխելու նրանց փորձը չի փոխում փաստերը, ինչպես նաև չի ազդի արդարության և Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայության պահպանման անսասան հանձնառության վրա։ «Կովերի պարտեզին» վերաբերող ցանկացած գործարք անվավեր է, սպառնում է մեր համայնքի գոյությանը և խախտում է մեր գույքային իրավունքները»,- եզրափակել է համայնքը:
Իսրայելցի կրոնական ծայրահեղականները հուլիսի 13-ին հարձակվել էին Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական ռեստորանի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները փետրվարին հայտնել էին, որ վերջին տարիներին Երուսաղեմում քրիստոնյաների վրա հարձակումների աճ է գրանցվել: 2023 թվականի հունվարին Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել պոկել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշները։ Հունվարի 27-ին հրեա ծայրահեղականները սադրել էին Երուսաղեմի Taboon Wine Bar հայկական ռեստորանի աշխատակիցներին ու այցելուներին։
Միաժամանակ շարունակվել է նաև դիմակայությունը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին շուրջ 30 սադրիչ հարձակվել էր «Կովերի պարտեզում» գտնվող հայերի վրա։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ նրանք ղեկավարվում են տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող Xana Capital ընկերության կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել էին հոգևորականներ, հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ: Ապրիլի 3-ին մի խումբ հրեա վերաբնակիչներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանի ուղեկցությամբ, ներխուժել էին այդ տարածք։
Armenia Today