Վաշինգտոնը 20,6 մլն դոլար կհատկացնի ՀՀ անվտանգության և ԶԼՄ-ների բարեփոխումների համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել են Հայաստանի անվտանգության ամրապնդման համար 20,6 մլն դոլար հատկացնելու մասին, հայտնել է Երևանում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը։
Այս մասին նրանք հայտարարել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուլիսին ես Երևանում էի այս նշանակալի առաջընթացի և հետագա զարգացումների ուղղությամբ հայ ժողովրդի կողմից իրականացվող աշխատանքն անձամբ տեսնելու համար։ Իսկ այժմ, գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը, աշխատելով Կոնգրեսի հետ, Հայաստանին կտրամադրեն 20 միլիոն ԱՄՆ դոլար՝ կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և դիմակայունության ամրապնդման նպատակով»,- ասել է Փաուերը:
Ֆինանսական օգնությունը կօգտագործվի կառավարության բարեփոխումների՝ հանրային ծառայությունների որակի բարելավման համար, հայտնել են դեսպանությունից։
Նշված 20 մլն դոլարի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 600 հազար դոլար կհատկացնի Հայաստանում անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացման և մեդիա գրագիտության ոլորտում նորարարությունների խթանման, երկրի մեդիա ոլորտում այլ բարեփոխումների համար։ Ֆինանսավորումը կտրամադրվի «Տեղեկատվական էթիկայի և կայունության առաջխաղացում» նախաձեռնության միջոցով:
Փաշինյանը ողջունել է նոր ներդրումներն ու համագործակցությունը՝ ուղղված երկրի ժողովրդավարական ճկունության ամրապնդմանը։
Armenia Today