Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո բողոքի ակցիան շարունակում են Գլխավոր դատախազության դիմաց։ NEWS.am–ի հետ զրույցում ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը պատմեց, որ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը պետ Տարոն Մարգարյանը։
«Քաղաքապետարանում գտնում են, որ ինստիտուտի տարածքում իրականացվող շինարարությունը ոչ մի նորմ չի խախտում, ամեն ինչ նորմալ է։ Քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի շինարարությունը տեղի ունենա, կարելի է ասել, որ քաղաքապետարանի հովանու ներքո է այս ամենը տեղի ունենում»։
Ռոբերտ Հակոբյանի խոսքով, աշխատակիցները չեն պատրաստվում հանձնվել, այս պահին Գլխավոր դատախազության մոտ են գտնվում, որտեղից էլ կշարժվեն դեպի ԿԳՄՍ նախարարություն։
Հիշեցնենք, որ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց. պահանջում են դադարեցնել ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը: Նրանք հանդիպում էին պահանջում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։