Պապոյան․ Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռնտու չէ
Միշտ էլ մեզ համար պարենային անվտանգության հարցը կարևոր է եղել. ես նաև ԱԺ-ում եմ ասել, որ իմ վերջին պաշտոնական հեռախոսազրույցը Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարի հետ, որը վերաբերել է առհասարակ մեր ներմուծում-արտահանումներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որն ընդգծել էր, որ Հայաստանը ցորենի 90 տոկոսը ներկրում է ՌԴ-ից:
Ինչ վերաբերում է նրան, որ աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագիրը ՀՀ-ում նախորդ տարվանից դադարեցվել է, որով վնաս է հասցվել գյուղացուն, նախարարն ասաց. «Կառավարությունը ծախսում է ՀՀ քաղաքացիների փողը: Մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրեր ենք իրականացնում: Եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում, դրա փոխարեն այլ տնտեսապես նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում:
Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է: Օրինակ, մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այն դեպքում երբ ծախսվում է 420 հազար դրամ»:
Ճշտող հարցին, թե ստացվում է, որ ցորեն ներկրելն ավելի ձեռնտո՞ւ է, Պապոյանն արձագանքեց. «Աշխարհում ոչ մի երկիր չի կարող ամեն ինչ արտադրել: Հայաստանում պետք է ինտենսիվ այգեգործությունը զարգացնենք, որն ավելի արժեքավոր ու եկամտաբեր գործընթաց է և առաջացած գումարով ներմուծենք այն, ինչը չի արտադրվում հանրապետությունում։
Շատ ապրանքներ կան, որ ռազմաբվարական նշանակություն ունեն: գազն ու նավթն էլ ունեն ռազմավարական նշանակություն:
Շատ վատ տնտեսական քաղաքականություն կլինի և ես շատ կքննադատեմ տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի արտադրության մեջ»:
Հարցին՝ ի՞նչ ենք անելու, եթե ինչ-ինչ պատճառներով Լարսի ճանապարհը փակվի, նա ասաց. «Դրա համար գոյություն ունի կառավարություն, գոյություն ունի կառավարում և գոյություն ունի ամենօրյա աշխատանք, որը Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է»:
News.am