Պաշտպանները պահանջում են առերեսել Սերոբ Գասպարյանին նրա դեմ ցուցմունք տված անձանց հետ
Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
«Բացի այդ, քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ գուցմունք տված անձանց հետ»,- նշել են նրանք:
Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանին իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է:
Այս գործով Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»:
Փաստաբանական թիմը հայտարարել է, որ մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ «Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։ Մեր ընկալմամբ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը և քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն»,- նշել են նրանք:
News.am