ՍԴ-ն որոշում է կայացրել. սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը սահմանադրական է
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է այդ մասին որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ Սահմանադրական դատարան։
«2024 թ. օգոստոսի 30–ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,– նշված է որոշման մեջ:
Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Այն Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում կտեղադրվի օրենքով սահմանված ժամկետում։
Հիշեցնենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը այլ սկզբունքներով ընթանա։
Sputnik Արմենիա