Պակիստանն Ադրբեջանին JF-17 Block III կործանիչներ վաճառելու մասին պայմանագիր է ստորագրել
Պակիստանի զինված ուժերը հինգշաբթի հայտնել են, որ երկիրը Ադրբեջանին JF-17 Block III կործանիչներ վաճառելու մասին պայմանագիր է ստորագրել, հայտնում է Reuters գործակալությունը։
«Ինքնաթիռն արտադրում է Պակիստանի ավիացիոն համալիրը՝ Չինաստանի հետ համատեղ, որի հետ Իսլամաբադն ավելի ու ավելի է սերտացել, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում ավանդական ռազմական դաշնակից ԱՄՆ-ի հետ կապերը թուլացել են», - գրում է գործակալությունը։
Ընդ որում, Պակիստանի զինված ուժերը չեն հրապարակել ինքնաթիռի համաձայնեցված արժեքը կամ քանակը, սակայն հայտարարել են, որ «վաճառքը բարեկամ երկրների հետ պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու և Ադրբեջանի օդային հնարավորություններն ուժեղացնելու համար Իսլամաբադի ջանքերի մի մասն է»:
Պակիստանը նույնպես Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, և ինչպես Թուրքիան, նա աջակցում էր Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ագրեսիային։ Հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով Պակիստանում էր, որի ընթացքում ագրեսոր երկրները պայմանավորվել են մի շարք ոլորտներում, դրանց թվում՝ «պաշտպանական» ոլորտներում ամրապնդել համագործակցությունը:
News.am