ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ի՜նչ խղճուկ է խեղկատակը՝ արքայի գահին բազմած,

Ի՜նչ հիմար է ժողովուրդը՝ նրան դա թույլ տված։

Ռոբերտ Բըրնս

Եթե ես լինեի որոշողը Հայաստանի բոլոր լրատվամիջոցների փոխարեն, ապա կառաջարկեի ցանկացած տեքստում Նիկոլ Փաշինյանի հիշատակումն այսուհետ և առհավետ ուղեկցել միմիայն այս լուսանկարով, որն ամբողջությամբ արտացոլում է այդ մարդու էությունը: Ուստի պիտի հետապնդի նրան ողջ կյանքում, անկախ նրանից՝ իշխանության ղեկին կլինի Փաշինյանը, թե ընդդիմության ճամբարում կամ ընդհանրապես քաղաքականությունից դուրս։

Ավելին, ես կառաջարկեի, որ միայն այս լուսանկարով ուղեկցվեին բոլոր այն տեքստերը, որտեղ հիշատակվում է «Քաղաքացիական պայմանագիրը», քանզի այն լավագույնս արտացոլում է ոչ միայն Փաշինյանի էությունը, այլև նրա գլխավորած կուսակցության բովանդակությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՈՐՏԵՂ ԲԵՐԱՆԸ ՄԻՆՉԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԲԱՑ ԺՊԻՏՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐԵՆ Է ՍԵՂՄԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԳՐՔՈՒՅԿԸ։ Վերջինս նույնպես ժպտում է, բայց թունոտ ու կկոցած աչքերով, որոնց մեջ հարցն է. «Տեսնես՝ իրո՞ք այսպիսի բացառիկ հարիֆ է, թե՞ այնուամենայնիվ մի քիչ ձևացնում է»։

Ո՞րն է մեր խնդիրը: Այն, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» էությունն արտացոլող այս լուսանկարը չդառնա Հայաստանի այցեքարտը։ Առայժմ ամեն ինչ դրան է գնում։ Էրդողանն ու Ալիևը ոնց ուզենան խաղացնում են Փաշինյանին։

Էրդողանը բարի ոստիկանի դերում է, գրքեր է նվիրում ու ծաղրալից ժպտում՝ ըմբոշխնելով իր հաղթանակը։

Մարդը, որը բացահայտ խոստովանում է, որ Թուրքիան «մտել է Ղարաբաղ» (իսկ ինչո՞ւ պիտի ամաչի, երբ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը.), այլ կերպ ասած՝ ընդունում Թուրքիայի անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմին, որի արդյունքում Հայաստանն ու Արցախը կորցրեցին իրենց մոտ 5 հազար որդիների, իրավունք ունի թունոտ ժպտալ, երբ այդ պատերազմում Թուրքիային պարտված երկրի առաջնորդը ստորաքարշորեն կրծքին է սեղմում Թուրքիայի նախագահի գիրքը։

Իսկ չար ոստիկանը՝ Իլհամ Ալիևը, այն ժամանակ, երբ Էրդողանը գիրք է նվիրում Փաշինյանին, ելույթ է ունենում իր երկրի խորհրդարանում և սպառնում մասնատել Հայաստանը

Ընդդիմության տեղը լինեի՝ կբաժանեի այս լուսանկարը Հայաստանի և Սփյուռքի բոլոր բնակիչներին, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել, թե չի տեսել դա: Կբաժանեի առանց մեկնաբանությունների, մակագրությունների, գնահատականների, առավելագույնը նշելով միայն ամսաթիվն ու վայրը: Սա այն դեպքն է, երբ մեկնաբանելով լոկ կփչացնես տպավորությունը, ամեն ինչ չափազանց ակներև է։

Ընդդիմության տեղը լինեի՝ կմեծացնեի այս լուսանկարը և կփակցնեի գովազդային բոլոր վահանակներին: Կրկին առանց մեկնաբանությունների և գնահատականների: Հենց այդպես, որպեսզի մարդիկ հիշեն, թե հատկապես ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, թե «ապագա կա»։ Իսկ ի՞նչ ապագա: Թուրք տերերին ստորաքարշորեն ժպտացող ծառայի կարգավիճակով։

Եվ ընտրությունների ժամանակ էլ կփակցնեի միայն մեկ պաստառ՝ այդ միակ լուսանկարով, որն ամեն ինչ իր տեղն է դնում շատ ավելի հստակ, քան ընդդիմադիր հռետորների բոլոր ելույթները միասին վերցրած։ Մեղրը թողած՝ շաքար չեն փնտրում: