Շահրամանյան․ Ստանձնել եմ այդ պարտականությունը, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք 2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

 


«Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունն ու պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել են: Մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,-ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, որ 2021-ին և դրանից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկացել է հրաժարական տալ, բայց իրեն չեն թողել, այդ ժամանակ իր թեկնածությունը քննարկվե՞լ է որպես Արցախի նախագահի թեկնածու, Շահրամանյանն ասաց. «Իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին, Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու օրերին: Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը և չխուսափելով այն պատասխանատվությունից: Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը»:

Նշենք, որ այսօր Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ։ Այնտեղ են նաև Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, բայց նրանք առանձին են հավաքվել։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք:

Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։

Պատերազմից 44 օր հետո, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները: Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։

News.am