«Ռոսսելխոզնադզոր»․ ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանից մատակարարների ցուցակի ընդլայնմամբ
«Ռոսսելխոզնադզորը» հետաքրքրված է Հայաստանից մատակարարների ցուցակի ընդլայնմամբ և հաստատված հայկական ծագում ունեցող ապրանքների ներմուծմամբ: Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի պետ Պետրոս Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերը քննարկել են երկրներում առկա բուսաբուծության և անասնաբուծության արտադրանքի վերահսկման համակարգերը:
Դանկվերտը կարևորել է արտահանվող ապրանքների, ինչպես նաև արտադրական հարթակների վերահսկողության համակարգի նկատմամբ մոտեցումների համարժեքությունը:
«Ռուսական ծառայությունը բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության համար, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել արտադրանքի մատակարարների ցանկը։ Նման ապրանքների ներմուծման պարտադիր պայման է հանդիսանում արտադրանքի որակը, անվտանգությունը և արտահանողների կողմից ՌԴ-ի կողմից սահմանված պահանջների կատարումը», - ասել է նա։
Ընդգծվում է, որ ներկայումս ռուսական պատվիրակությունը ստուգումներ է անցկացնում կաթի վերամշակման ձեռնարկություններում՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված ապրանքների արտադրության, վերամշակման, պահպանման և առաքման տեղերի համատեղ հետազոտություն անցկացնելու նպատակով:
Աշխատանքներ են տարվում կաթնամթերքի հետագծի և որակի վերահսկման համակարգին ծանոթանալու ուղղությամբ։ Կողմերը կարևորել են երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, ինչը, մասնագետների գնահատմամբ, զգալիորեն կդյուրացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց հետևել սահմանի հատման, կարանտինային և անասնաբուժական սերտիֆիկատների չներկայացման փաստերին և օպերատիվ արձագանքել խախտումներին:
Կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:
Sputnik Արմենիա