Փաստաբան․ Առանց դատավարության Վարդանյանին 1 տարի կալանքի տակ պահելը քաղաքական բնույթ ունի
Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը։ Այս մասին ասել է գործարար և Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: Նրա խոսքերը «Ֆեյսբուքում» հրապարակել է Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը։
«Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»,– ընդգծել է Գենսերը։
Դավիթ Վարդանյանն իր հերթին հիշեցրել է, որ այսօր լրանում է մեկ տարին, ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին Ռուբեն Վարդանյանին, որին հաջորդեցին արցախցի մյուս պետական և ռազմական գործիչների ձերբակալությունները:
«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»,– գրել է Դավիթ Վարդանյանը:
Նա նշել է, որ չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին` Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:
Sputnik Արմենիա