Բագրատ Սրբազան․ Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի
Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի: Այս մասին, 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ, իր ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:
«4 տարի առաջ այսօրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու աջակցությամբ սանձազերծեց հերթական պատերազմը:
Այս պահին ես աղոթում եմ մեր նահատակ որդիների ու դուստերերի հոգիների խաղաղության համար և խոնարհումս նրանց ու նրանց ընտանիքների առջև:
2020 թվականին հայրենական մեծ պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Ասաց և արեց: Պետությանը պարտության մատնելով՝ ինքն իրեն անպարտ կարգելով: Միջազգային իրավունքով արգելված զենքերի կիրառմամբ , ահաբեկիչների ներգրավումով, անմարդկային գազանություններով և մարդասիրական իրավունքի հանրաճանաչ չափանիշները խախտելով Բաքվին հաջողվեց գրավել Արցախի զգալի մասը:
Միջազգային հանրությունը, չհաշված առանձին բացառություններ, լուռ հետևում էր կատարվողին։ 44–օրյա պատերազմի պայմանական ավարտով և ստորագրված նոյեմբերի 9-ի ամոթի և խայտառակության հայտարարությամբ, ցավոք, իրական պատերազմը չի դադարել: Մենք դրա շարունակության դրսևորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զավթիչ գործողություններով, Արցախի շրջափակմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմով ու դրան հաջորդած Արցախի հայաթափմամբ:
Դժբախտաբար, հայության դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան, օգտվելով անպատժելիության և ամենաթողության մթնոլորտից, իր ամենատարբեր դրսևորումներով շարունակվում է նաև այսօր, չնայած խաղաղության մասին պարբերաբար հնչող թեզերին ու խոսքերին։
Առ այսօր Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը: 44 օր տևած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նաև հաջորդող շրջանում Հայաստանի իշխանությունների արած քայլերի, ընդունուծ որոշումների, ձեռք բերած պայմանավորվածությունների ու դրանց հետևանքների իրական գնահատականը կտա վաղվա Հայաստանը՝ խորը և անաչառ իրավական քննության արդյունքում, բոլոր մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու ճանապարհով: Սակայն այսօր իսկ արդեն միանշանակ և առավել քան հիմնավոր կարելի է փաստել, որ այս իշխանությունը չի իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը՝ ո՛չ պատերամից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, և ո՛չ էլ դրանից հետո։ Ամբողջությամբ ձախողել է և՛ անվտանգային, և՛արտաքին քաղաքականությունը։
Վաղվա Հայաստանը կտա նաև իրական խաղաղության օրակարգը, որը որևէ կերպ այսօրվա պարտված իշխանությունների քարոզած ամեն գնով մուրացիկ խաղաղությունը չէ, այլ հավասարակշռության վրա կառուցված խաղաղություն է, որը կլինի արդար, կայուն և երկարաժամկետ:
Հետևաբար, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ ամեն ինչ զիջելու պատրաստ, պարտված ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողություն չունեցող իշխանությունները, քանի դեռ իշխանությունը զավթել են ՀՀ-ի ազգային, պետական շահերի հետ ոչ մի առնչություն չունեցողները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված աղետը շարունակվում և շարունակվելու է իր տարաբնույթ դրսևորումներով:
Մենք կոչված ենք փոփոխության, մենք կոչված ենք ապաքինման և վերականգնման, մենք կոչված ենք հայրենիք և հաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զավակներին, որոնք մեկնեցին՝ մահն արհամարհելով, հայրենիքն ու հաղթանակն իրենց սրտերում և աչքերում:
Վերստին խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայորդիներին, եղբայրներին ու քույրերին, խոնարհումս նրաց մայրերի, հայրերի ու ընտանիքների առաջ:
Չեմ մոռանալու հանուն Հայաստանի, չեմ ներելու հանուն Արցախի: Տե՛ր, ուղղիր մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ»,-ասել է նա:
News.am