Արցախից բռնի տեղահանված անձանցից 3226-ը ՀՀ քաղաքացիություն են ստացել

Արցախից բռնի տեղահանված 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին Ծաղկաձորում ընթացող քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ընդհանուր առմամբ դիմել է 4918 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ վերջին տվյալներով 3226 անձ (Արցախից բռնի տեղահանված – խմբ.) ստացել է ՀՀ քաղաքացիություն։ 83 անձ դիմումը հետ է վերցրել, բայց պատճառը հայտնի չէ»,– նշեց Դավթյանը։

Նա տեղեկացրեց, որ վերջին թարմացված տվյալներով` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 359 քաղաքացի, որից 30 306-ն անչափահաս են։ Ժամանակավոր պաշտպանության վկայական տրամադրվել է 103 590 անձի։

Դավթյանը հավելեց նաև, որ միայն սեպտեմբերի 26-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու 46 դիմում է ընդունվել։

Sputnik Արմենիա