Մահացել է բրիտանացի լեգենդար դերասանուհի Մեգի Սմիթը
89 տարեկան հասակում մահացել է բրիտանացի հայտնի դերասանուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Մեգի Սմիթը: Այս մասին հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով դերասանուհու որդիներ Քրիս Լարկինի և Թոբի Սթիվենսի պաշտոնական հայտարարությանը։
Սմիթը մահացել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հիվանդանոցում։
«Նա խաղաղ մահացավ՝ շրջապատված ընկերներով և ընտանիքով։ Նրա հեռանալը ծանր կորուստ էր երկու որդիների և հինգ թոռների համար»,-ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։
Դերասանուհու որդիները նաև շնորհակալություն են հայտնել Չելսիի և Ուեսթմինսթերի հիվանդանոցի անձնակազմին՝ Մեգի Սմիթի կյանքի վերջին օրերին նրա խնամքի և աջակցության համար:
Մեգի Սմիթը նշանավոր բրիտանացի դերասանուհի է, որի կարիերան տևել է ավելի քան յոթ տասնամյակ: Նա ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 28-ին Էսեքսում (Անգլիա)։ Սմիթը հայտնի է արտիստական լայն դիապազոնով և ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում խաղացած հիշվող դերերով:
Նրա թատերական կարիերան սկսվել է 1950-ականների կեսերին Ուեսթ Էնդի բեմերում և շարունակվել է մինչև 21-րդ դարը։ «Օսկարի» կրկնակի դափնեկիր է «Օ, ինչ հրաշալի պատերազմ է» (1969) և «Միսս Ջին Բրոդիի լավագույն տարիները» (1970) ֆիլմերում դերերի համար։
Հանդիսատեսի շրջանում Մեգգի Սմիթին ավելի լայն ճանաչում բերեց պրոֆեսոր Միներվա ՄըքԳոնագլի դերը Հարրի Փոթերի մասին ֆիլմերում։ Իսկ «Դաունթըն աբբայությունը» սերիալում այրի կոմսուհի Գրենթեմի դերի համար նա արժանացել է «Էմմի» մրցանակի։
Իր կարիերայի ընթացքում Սմիթը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ «Թոնի», «BAFTA» և «Ոսկե գլոբուս»։ Արվեստում նրա ներդրումը հոտուկ գնահատվեց 1990 թվականին, երբ նրան Բրիտանական կայսրության օրդենի դամա-կոմանդորի կոչում շնորհվեց։
Sputnik Արմենիա