Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈԳԻՆ ՆՍՏԵՑ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զգուշացնում էի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները տապալելով, մեր դիրքերը Մոսկվայում թուլացնելով, Մոսկվային հրում ենք դեպի Թուրքիա ու Ադրբեջան։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

 

«4 տարի առաջ սկսեց մի պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Այն մինչև հիմա էլ չի ավարտվել։ Եթե մենք լինեինք նորմալ հանրապետություն ու իսկապես պետություն, մարդիկ կընդունեին պատասխանատվություն իրենց արածի համար։ Պատմության մեջ չեմ հիշում մի դեպք, որևէ օրինակ, երբ մի խումբ գա իշխանության, տապալի դիվանագիտությունը, պատերազմը, կորցնի հայրենիքի մի մասը, ասի, որ այդ հայրենիքի մի մասը իրենց գործը չէր, այդ մարդկանց վերադարձը այնտեղ մեր շահերին չի համապատասխանում։ Սա որևէ ձևով չի կարելի բացատրել։

Այս ողբերգությունը հետևանք եղավ նրան, որ իշխանության եկան մարդիկ, որոնք կամ ծայրահեղ անմեղսունակ էին, չէին կարողանում կառավարել ոչ պետությունը, ոչ դիվանագիտությունը, կատարեցին կամ դիտավորյալ արեցին լուրջ դիվանագիտական սխալներ։ Ես անձամբ զգուշացնում էի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները տապալելով, մեր դիրքերը Մոսկվայում թուլացնելով, Մոսկվային հրում ենք դեպի Թուրքիա ու Ադրբեջան ու նրանց համար հարձակվելու հնարավորություն էինք ստեղծում։ Ցավոք սրտի, ոչ ոք չլսեց»,- նկատել է քաղաքագետը։

Խաչիկյանը հիշեցրել է՝ ինքը դեռ տարիներ առաջ է ահազանգել, որ Ադրբեջանը զինվում է ու շուտով պատերազմ կլինի։

«Դեռ 2016թ քառօրյա պատերազմից հետո գրել էի, որ դա ուղղակի փորձ էր, հետախուզություն էր։ Ադրբեջանը գտնելու է մեր թույլ տեղերը ու սկսելու է ներդնել իր նոր տեխնոլոգիական զինատեսակները, այդ դրոնները ու ուրիշ տեխնոլոգիաները օգտագործելու ու հաղթելու է։ Ոչ ոք, իհարկե, ուշադրություն չդարձրեց։

Եթե լիենինք նորմալ պետության քաղաքացիներ՝ կհարցնեինք, թե ով տապալեց մեր դիվանագիտությունը, բանակցությունների պրոցեսը, ով էր խաբում մեր ժողովրդին, խոսք տալիս, որ իրենց հետ կքննարկի Ղարաբաղի հարցի լուծումը»,- ասել է Արթուր Խաչիկյանը։

Նա նաև հռետորական հարցեր է տվել՝ ով է այս իրավիճակի միակ մեղավորը։

«Ով չկանգնեցրեց ու տապալեց պատերազմը, ով էր խոսք տալիս, որ մենք հետ կգնանք Հադրութ ու կվերադարձնենք Շուշին, ամենակարևորը՝ ով գնաց Պրահա ու ստորագրեց այն թուղթը, որով հանձնեց Արցախը։ Ռուսաստանն էլ, փաստորեն, ստիպված հետ քաշվեց նախ այն պատճառով, որովհետև իր շահերն ունի, ու երկրորդ՝ մենք ընդունեցինք, որ այլևս վեճ չկա Արցախում, իսկ Ռուսաստանն այնտեղ անելիք այլևս չուներ։ Հիմա ո՞վ է ամոթալի հանդիպումների գնում այն մարդու հետ, ով հայտարարեց՝ ես եմ վերցրել Արցախը։ Փաշինյանը գնաց ու Էրդողանի գոգին նստեց Նյու Յորքում։ Որևէ հասարակություն սա չէր հանդուրժի»,- ցավով արձանագրել է քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանի խոսքով՝ Բաքուն ուժի լեզվով է խոսում մեզ հետ, որովհետև տեսնում է՝ չունենք ռեալ կառավարություն։

«Ադրբեջանը տեսնում է, որ մենք չունենք ռեալ կառավարություն, անմեղսունակ մարդիկ են, դպրոցը ավարտել են ու միանգամից դարձել նախարարներ, բոլորս գիտենք, թե նրանք ովքեր են։ Ադրբեջանն անընդհատ զինվում է, միջազգային համաձայնագրեր է կնքում եվրոպական երկրների հետ ու մեզ հետ ուժի լեզվով է խոսում։ Ինչու նրանք պետք է ինչ-որ բան զիջեն կամ մեզ հետ համաձայնության գան։ Նրանք ուժով ամեն ինչ ստանալու են, հիմա ամենակարևոր հարցը Սյունիքի միջանցքն է։ Այնտեղ էլ ճեղք տվեց մեր դիրքը։

Տեսնում ենք 6 տարվա կատաստրոֆիկ քաղաքականություն ու հանդուրժում ենք։ Նայում ենք՝ ինչպես է մեր ղեկավարը մեկ անգամ ևս գնում ու ստորանում, աղերսում, որ լինի խաղաղություն, ու նրան մեկ անգամ ևս ասում են՝ մենք երկար ցուցակ ունենք զիջումների, որոնք դուք անելու եք»,- նշել է Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը սթափեցման կոչ է հնչեցրել՝ Թուրքիան ինչպես կարող է խաղաղություն ուզել, եթե շարունակում է սպառնալիքներ հնչեցնել։

«Եթե ես լինեի Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների տեղը, կշարունակեի ուժով խոսել Հայաստանի հետ ու կշարունակեի ամեն ինչ ստանալ։ Եթե Թուրքիան իսկապես խաղաղություն ուզեր, գուցե արցախցիներին ուժով չհաներ Արցախից, ինչ-որ երաշխիքներ տրամադրեր նրանց։

Բայց տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը երկու կողմից մեզ խեղդում են։ Եթե նրանց նպատակը խաղաղությունը լիներ, չէին հարձակվի մեզ վրա, Արցախը չէին հայաթափի, միջանցք չէին պահանջի»,- եզրափակել է Արթուր Խաչիկյանը։

Alpha News