Human Rights Watch․ COP29-ը կանցկացվի ռեպրեսիվ պետությունում՝ ի դեմս Ադրբեջանի

Կառավարությունները, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ ամենամյա համաժողովին (COP29) պետք է կատարեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կառավարությունները, որոնք պատրաստում են իրենց ազգային կլիմայական ծրագրերը 2025 թվականին արտանետումների նվազեցման նպատակներով, պետք է երաշխավորեն, որ դրանք համապատասխանում են գլոբալ տաքացումը սահմանափակելուն: Հանածո վառելիքի արտադրությունն ավելացնելու ցանկացած ծրագիր անհամատեղելի է այդ նպատակի հետ:

Երրորդ տարին անընդմեջ է, որ COP-ն անցկացվում է ռեպրեսիվ պետությունում, որը խստորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը:

Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է պատրաստ լինեն փոխանցելու հստակ ուղերձ, որ կլիմայական արդար և հավակնոտ գործողությունները անկախ ձայների բովանդակալից մասնակցություն են պահանջում:

Ադրբեջանն ունի ավտորիտար իշխանություն, որը չի հանդուրժում այլախոհությունը և վերջին ամիսներին ճնշել է անկախ լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին: Կամայականորեն ձերբակալվածների թվում են Ադրբեջանի նավթագազային հատվածը քննադատող հակակոռուպցիոն ակտիվիստը, և մարդու իրավունքների պաշտպանը, որը COP29-ից առաջ դարձել է Ադրբեջանում քաղաքացիական ազատությունները և բնապահպանական արդարադատությունը պաշտպանող նախաձեռնության համահիմնադիր:

Անկախ ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի կառավարության թշնամական վերաբերմունքը մտահոգություն է առաջացնում՝ արդյոք քաղաքացիական հասարակությունը կկարողանա կառուցողական մասնակցություն ունենալ COP29-ին:

Նավթից և գազից ստացված եկամուտները 2022 թվականին կազմել են Ադրբեջանի պետական ​​բյուջեի 52%-ը և արտահանումից ստացված եկամուտների մոտ 90%-ը։ Ապրիլին COP29-ին նախապատրաստվելու բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է գազի արդյունահանումը ընդլայնելու ծրագրերի մասին՝ հիմնականում ի պատասխան Եվրամիության շուկայի պահանջների:

Կառավարությունները Ադրբեջանին չպետք է թույլ տան չարաշահելու իր դիրքը որպես COP29-ի հյուրընկալող՝ հանածո վառելիքի ընդլայնման հետագա խթանման և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը խաթարելու համար:

News.am