Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին և Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։

«Արմենպրեսի»-ի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիևի հնչեցրած քննադատությունների առիոթվ ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։

«Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով», - ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարևորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։ Խոսնակի կարծիքով, առաքելությունը զգալի կայունացնող ազդեցություն ունի, այդ թվում տեղի բնակչության համար։

Ստանոն նշել է, որ առաքելության տեղակայումից ի վեր ադրբեջանական իշխանությունները կանոնավոր կերպով տեղեկացված են եղել առաքելության մասին, և որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար: Անդրադառնալով Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ալիևի խոսքերին, ԵՄ խոսնակը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն Հայաստանի ենթադրյալ ռազմականացման մասին և հիշեցրել Հայաստանի ինքնիշխան երկիր լինելու մասին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունը իր գործընկերների հետ ազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը և կայուն խաղաղության հասնելը», - ասել է Պետեր Ստանոն և կրկին ընդգծել, որ ԵՄ-ի 2024 թվականի հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոն, որի նպատակն է բարելավել քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակներում՝ ապահովելով լիարժեք տեղակայվող վրանային ճամբար:

Այն երկրի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար է։ «Այն չի ներառում զենքի տրամադրում, ինչպես երբեմն սխալ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ դերակատարներ:

Առաջարկվող սարքավորումը ոչ մահաբեր է և ոչ հարձակողական», - նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը՝ հավելելով, որ ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։ Ստանոն ադրբեջանական իշխանություններին հիշեցրել է, որ ԵՄ-ն նաև մեծացրել է իր աջակցությունն՝ ուղղված Ադրբեջանի անվտանգությանն ու դիմադրողականությանը:

«ԵՄ-ն և նրա անդամ երկրները Ադրբեջանում ականազերծման ոլորտում առաջին միջազգային դոնորն են՝ 2020 թվականից ի վեր տրամադրելով մոտ 13 միլիոն եվրո: Վերջերս Եվրահանձնաժողովը հայտարարեց 2024-2025 թվականների համար 10 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն», - նշել է ԵՄ խոսնակը։