The New Statesman․ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒԹԱԿԻ ՊԵՍ ԿՐԿՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵԶԻՍՆԵՐԸ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին պետք է իմանա, որ Ադրբեջանը ոչ թե «տարածք է ազատագրել», այլ զբաղվել է էթնիկ զտմամբ։ Դրա մասին ասվում է The New Statesman ամսագրի հոդվածում։
Դեյվիդ Լամմին լավ կանի չմեղմացնի էթնիկ զտումները Ղարաբաղում և թութակի պես չկրկնի Հարավային Կովկասի՝ ռազմավարական առումով զգայուն տարածաշրջանում կայունությանը սպառնացող կոռումպացված նավթային բռնապետության թեզիսները:
Հենց դա արեց Լամմին սեպտեմբերի 16-ին, երբ ողջունեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճումը, որտեղից փախել էին ավելի քան 100 հազար բնիկ հայեր:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր. «Ադրբեջանը կարողացավ ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքը»։
«Ազատագրում» եզրույթը գործածում է Բաքվի ռեժիմը՝ Լեռնային Ղարաբաղում իր գործողությունները բնութագրելու համար։
Միաժամանակ, այնտեղից վտարված քաղաքացիները պատմում էին ծանր փորձության մասին, որը կարելի է որակել միայն որպես մարդկայնության դեմ հանցագործություն։
Նրանք պատմում էին ադրբեջանական ագրեսիային նախորդած ամիսների շրջափակման ժամանակ սովի և դեղորայքի ու վառելիքի անհասանելիության մասին։
Նրանք պատմում էին այն մասին, որ ադրբեջանական ուժերը սարսափ տարածելու նպատակով օգտագործում են ավելի վաղ բախումների օջախներում տառապող հայ ռազմագերիների կադրերը:
Նրանք պատմում էին ծանր դեպրեսիայից տառապող իրենց երեխաների և ինքնասպանության փորձի մի դեպքի մասին։ Նրանք պատմումն էին այն թախծի մասին, որը բխում էր հայրենիքի կորստից, որտեղ եկեղեցիներն ու խաչքարերը վկայում են հայկական շուրջ երկու հազար տարվա շարունակական, իսկ այժմ, ըստ երևույթին ընդմիշտ ընդհատված ներկայության մասին:
Լեռնային Ղարաբաղը, որը հայերին հայտնի է որպես Արցախ, հայ ժողովրդի հոգևոր սիրտն է։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դարձել է աշխարհի ձգձգվող «սառեցված հակամարտություններից» մեկը, սակայն 2020 թվականին ուժերի հարաբերակցությունը փոխվեց։
Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանը, ստանալով Արևմուտքի լոբբիստական բարեհաճությունը, որպես Իրանի դեմ Իսրայելի նիզակի ծայրը և ռուսական էներգակիրների այլընտրանքը, ձեռնարկեց հաջող ներխուժում` ապահովելու համար շրջակա տարածքները: Թրամփի վարչակազմն այն ժամանակ լռություն էր պահպանում։
Մինչդեռ, իրենց գրաված տարածքներում ադրբեջանցիները ոչնչացրել են հնագույն խաչքարեր և պղծել եկեղեցական արձանագրությունները՝ հայկական բնիկ ծագման ապացույցները ոչնչացնելու նպատակով:
2022 թվականի դեկտեմբերին ադրբեջանցիները շրջափակեցին Ղարաբաղը՝ փակելով Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Դա ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում էր։ Այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին, տեղի ունեցավ զինված հարձակում։ Արցախն արդեն փաստացի զրկված է իր բնիկ բնակչությունից:
Լամմին արտաքին քաղաքականության իր տեսլականը բնութագրել է որպես «առաջադեմ ռեալիզմ», դոկտրին, որը ներդաշնակում է մարդասիրական դիվանագիտությունը բրիտանական և արևմտյան շահերի կոշտ հայացքի հետ, հատկապես գերտերությունների աճող մրցակցության պայմաններում: Սակայն առաջադեմ ռեալիզմը պետք է հիմնված լինի իրականության վրա և չարդարացնի Բաքվի նման ռեժիմների բնույթը, որոնք ձևացնում են, թե բարեկամ են Արևմուտքի հետ:
Ադրբեջանը բավականին մոտ է Ռուսաստանին ու էլ ավելի է մոտենում։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր առաջ Ադրբեջանի ցմահ նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Մոսկվա՝ ստորագրելու փոխադարձ համագործակցության մասին համաձայնագիր։ Ռուսական «Лукойл» ընկերությունը վերահսկում է ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու կարևոր ենթակառուցվածքների մեծ մասը:
Այժմ Բաքվի նոր պահանջը Հայաստանով անցնող միջանցքն է։ Այն հսկայական վտանգներ է ներկայացնում եվրոպական և նույնիսկ համաշխարհային անվտանգության համար: Իրանի վարչակարգը կտրականապես մերժում է Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխություն, որը կդադարեցնի իր ցամաքային մուտքը Վրաստան: Ադրբեջանա-իրանական հակամարտությունը շուտով կարող է ներգրավել Բաքվի դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ինչը նշանակում է պոտենցիալ հակամարտություն, որում ՆԱՏՕ-ն կդիմակայի Ռուսաստանին և Իրանին: