Իրանը խնդրել է ԻՀԿ արտահերթ գագաթաժողով հրավիրել Լիբանանում և Պաղեստինում Իսրայելի գրոհների հետ կապված

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) շտապ գագաթաժողով հրավիրել Լիբանանում և Պաղեստինում Իսրայելի գրոհների հետ կապված, տեղեկացրել է Tasnim-ը։

Ուրբաթ ՄԱկ Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Ղարիբաբադին ընդգծել է «համերաշխության կարևորությունը իսլամական պետությունների միջև՝ ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի»։

«Իսլամական աշխարհը գտնվում է բեկումնային փուլում և բախվում է մի շարք լուրջ խնդիրների, հատկապես պաղեստինյան հարցում, որը շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է նա։

Ղարիբաբադին նշել է, որ Իրանը, որպես ԻՀԿ հիմնադիրներից մեկը, միշտ աջակցել է իսլամական երկրների ջանքերին հիմնական խնդիրները լուծելիս և հատուկ ուշադրություն է նվիրել պաղեստինյան հարցին։

Նա նաև կոչ է արել, որպեսզի բոլոր պաղեստինցիները՝ երկրում և երկրի սահմաններից դուրս ապրող, որոշում կայացնեն իրենց ապագայի մասին հանրաքվեում։

Ղարիբաբադին հույս է հայտնել, որ այդ մեխանիզմի օգնությամբ կարող է ձեռք բերվել կայուն աշխարհ, որտեղ մուսուլմանները, քրիստոնյաները և հուդայականները կկարողանան գոյակցել խաղաղության և համաձայնության մեջ։

Իրանցի դիվանագետը նաև հայտնել է, որ «սիոնիստական վարչակարգի անօրինական և ոչ լեգիտիմ գոյությունը հիմնված է անմեղ մարդկանց սպանությունների և հաշվեհարդարների վրա»։

Հաշվի առնելով պայքարի անհրաժեշտությունը «Լիբանանում սիոնիստական վարչակարգի ագրեսիայի դեմ, ինչպես նաև Գազայի ժողովրդի հատռւկ վիճակը», իրանցի դիվանագետը առաջարկել է անհապաղ ԻՀԿ անդամ պետությունների ղեկավարների արտահերթ հանդիպում կազմակերպել։

News.am