Գարեգին Բ․ Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից, Մայր տաճարի վերաօծման արարողության առթիվ պատգամում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Գարեգին Բ կաթողիկոսն իր պատգամն ուղղեց վարչապետի ներկայությամբ՝ առանց հստակությունների, թե ում է ուղղված իր հայտարարությունը։
«Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի», - ընդգծեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։
Վեհափառը նաև հորդորեց՝ «զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից»։
Եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին՝ վերջին օրերին ամենաքննարկվող թեման էր, թե արդյոք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Մայր աթոռի միջոցառումներին:
Տաճարի վերաօծմանը ներկա են վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, փոխվարչապետը և այլք։
- Եկեղեցու ու իշխանության հարաբերությունները լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ Կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանին հորոդորեց հեռանալ։ Փոխադարձ քննադատությունների պակաս այս տարիներին չի եղել։
- Մայր աթոռից հայտարարել էին՝ արարողությանը մասնակցելու հրավերը ոչինչ չի նշանակում։ Իրենց դիրքորոշումը չի փոխվել, մտահոգությունները չեն փարատվել։
- Իշխանականների մեղադրանքները, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, սխալ թեզ է, պնդել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ հավելելով՝ եկեղեցին քաղաքական իշխանության չի հավակնում։
Azatutyun.am