Լավրով․ Ռուսաստանում Ալիևի և Փաշինյանի հանդիպման հնարավորության որոշումը մնում է իրենցը
Ռուսաստանի Դաշնությունում ԲՐԻԿՍ կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին որոշումը մնում է նրանցը։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։
«Ինչպես ասում են՝ «It's up to them» (որոշումն իրենցն է,- նշում է ТАСС-ը)»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջիկա իրադարձությունների շրջանակում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին, մասնավորապես ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ գագաթնաժողովի։
«Եթե նրանք ցանկանում են հանդիպել, մենք միշտ պատրաստ ենք մեր մասնակցությամբ իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանդիպումն անցկացվել է մի քանի անգամ։ Ստեղծվել է նաև եռակողմ աշխատանքային խումբ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար, կան Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման մեխանիզմներ և այլն։
«Մենք պատրաստ ենք կատարել մեր բոլոր պարտավորությունները, որոնք ամրագրված են այնտեղ (փաստաթղթերում,- նշում է ТАСС-ը)»,- վստահեցրել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Եթե նրանք (ապագայում) ցանկանան հանդիպել, ինչպես այստեղ են հանդիպել նախարարները, Ամերիկայի պետքարտուղարի մասնակցությամբ (որոշումն իրենցն է)։ Ամերիկացիները շատ են ուզում, որ այստեղ էլ դոմինանտ լինեն... Ամերիկացիների համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա բավարարում է մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա դա, հավանաբար, համապատասխան ղեկավարների ընտրությունն է»,- ասել է Լավրովը։
News.am