Նյու Յորքի քաղաքապետին մինչև 45 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայի հետ կոռուպցիոն կապերի համար
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն իրեն մեղավոր չի ճանաչել կաշառակերության, էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության, օտարերկրյա քաղաքացուց ներդրումներ շորթելու և դավադրության մեջ․ նրան մինչև 45 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է The Independent-ը։
Նա քաղաքի ժամանակակից պատմության մեջ առաջին գործող քաղաքապետն է, որին դաշնային քրեական մեղադրանքներ են առաջադրվել:
Հինգշաբթի օրը Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազները հրապարակել են Ադամսի դեմ հինգ կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը՝ մեղադրելով նրան 2021 թվականի քաղաքապետի ընտրարշավի ընթացքում ապօրինի ներդրումներ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից այլ արժեքավոր իրեր ստանալու մեջ:
Մեղադրանքները բխում են 2021 թվականին քաղաքապետի նրա ընտրարշավի և Թուրքիայի կառավարության պաշտոնյաների և թուրք քաղաքացիների հետ նրա կապերի վերաբերյալ ամիսներ տևած դաշնային հետաքննությունից:
Դաշնային դատախազները մեղադրել են Ադամսին նրանում, որ նա ապօրինի նվիրատվություններ է ընդունել նախընտրական արշավի ընթացքում, որոնք ստացվել են «կեղծ դոնորների» սխեմայով և շռայլ արտոնություններ ստացել՝ Թուրքիայի հյուպատուսությունում հրշեջ տեսչության աշխատանքին միջամտելիս իր լիազորությունները օգտագործելու դիմաց:
Ադամսը հայտարարել է, որ «զարմացած չէ» ներկայացված մեղադրանքներից և հերքել է հակաիրավական արարքների մասին բոլոր մեղադրանքները:
Նա պնդում է, որ չի հեռանալու Նյու Յորքի բարձրաստիճան պաշտոնյայի իր պաշտոնից, չնայած ներկայիս և նախկին օրենսդիրները նրան հրաժարական տալու կոչեր են անում:
Իրավիճակին տեղյակ անձանց հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին քրեական մեղադրանք է առաջադրվել դաշնային մակարդակով: Ամիսներ շարունակ քաղաքապետը և նրա մերձավորները, այդ թվում՝ նրա աշխատակիցները, դատարան էին կանչվում, ենթարկվում խուզարկությունների և իրավախախտումներ կատարելու մեղադրանքների արժանանում:
News.am