Փեզեշքիան․ Արևմուտքն Իրանին հրադադար էր խոստացել Հանիայի սպանությանը չպատասխանելու դիմաց

ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանին հրադադար էին խոստացել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը չարձագանքելու դիմաց: Այս մասին սեպտեմբերի 29–ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք հրադադար էին խոստացել շահիդ Հանիայի սպանությանը Իրանի արձագանքի բացակայության դիմաց, ամբողջովին կեղծ էին։ Նման հանցագործներին հնարավորություն տալը միայն նոր հանցագործությունների կդրդի նրանց»,-ասել է Փեզեշքիանը:

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնա: Մյուս կողմից, պատմական փորձը ցույց է տալիս, որ ազատության շարժումները չեն անհետանում անհատների սպանությունից հետո։

Նա քննադատել է արևմտյան լրատվամիջոցների պահվածքը` նշելով, որ նրանք աչք են փակում Իսրայելի հանցագործությունների վրա:

Փեզեշքիանը նաև նշել է, որ «Հզբոլլահը» չպետք է մենակ մնա Իսրայելի դեմ պատերազմում, և ընդգծել է, որ արաբական և իսլամական երկրները պատասխանատվություն ունեն «սիոնիստական ռեժիմի դաժանության» հանդիման:

Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:

Սեպտեմբերի 27–ին Բեյրութի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվեց «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Ավիահարվածը հասցվել է «Հզբոլլահի» ղեկավարության խորհրդակցության ժամանակ։

Sputnik Արմենիա