Սոթքի ոսկու հանքը շահագործվում է միայն ստորգետնյա եղանակով
Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է միայն ստորգետնյա շահագործման եղանակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
2020 թվականի պատերազմից հետո հանքավայրի մի մասն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ խոչընդոտում էին հանքավայրի աշխատանքներին՝ արձակելով կրակոցներ։ Լրագրողները Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ իրավիճակ է հանքավայրում։ Նա նշեց, որ, ելնելով տեխնիկատնտեսական հիմնավորումից, հանքավայրն անցնում է ստորգետնյա շահագործման եղանակի։
«Հանքավայրերը կարող են շահագործվել կամ ստորգետնյա եղանակով, կամ բաց։ Այն բնամասերը, որոնք այս պահին նպատակադրված է դուրս բերել ընդերքից, դրա համար որպես տնտեսական հիմնավորում ընդունվել է ստորգետնյա եղանակով շահագործումը։ Եվ դա չպետք է կապել որևէ այլ գործողության հետ, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական հարցերի հետ չի կարելի սա կապել։ Այս պահի դրությամբ Սոթքի հանքավայրը ստորգետնյա եղանակով արդեն սկսել է շահագործվել։ Որպեսզի հասնի նախագծային հզորություններին, այն է՝ տարեկան մոտ 400 հազար տոննա, դրա համար կպահանջվի ժամանակ, ժամկետը 2025 թվականի երկրորդ կիսամյակն է։ Տարեկան 100-150 հազար տոննա արտադրողականությանը հասնելու համար ենթակառուցվածքային աշխատանքներ են պետք, որոնք ժամանակ են պահանջում»,- ասաց փոխնախարարը։
«Առավոտը» հարցրեց՝ կառավարությունում վերլուծություն իրականացվե՞լ է, թե ադրբեջանական օկուպացիան ինչպես է անդրադարձել հանքավայրի աշխատանքների վրա, ի՞նչ վնասներ են արձանագրվել։ Պարզվում է՝ մինչ օրս չկա վերլուծություն, համենայնդեպս փոխնախարարը ցուցանիշներ չներկայացրեց։