Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր
Բարերար Էրիկ Էսրայիլյանը միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` որպես համահիմնադիր: Այս մասին ասվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պաշտոնական կայքում։
Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց և բարերար: Նա «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ է և 2024 թ.–ի «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ։
«Դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում և կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ և հետո»,– ասել է «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Նա հիշել է նաև, որ «Ավրորան» ի սկզբանե մտածված է եղել որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տևած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, իսկ հիմա որոշում է կայացվել ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում։
«Ես ուրախ եմ, որ նա համաձայնել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, և օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարևոր հաջորդ փուլում»,– ասել է Աֆեյանը։
2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում և տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում:
Sputnik Արմենիա