Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից բացվեց Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բրոնզաձույլ հուշակոթողի բացման պատիվը տրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամ Աննա Աֆեյանին և UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր և Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին։

Քանդակի պատվանդանի ներքո հավերժ պահպանության են տրվել Ավրորա Մարդիգանյանի գերեզմանից վերցված հող, ինչպես նաև՝ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Անթիլիասից։

Քանդակի երկու կողմերն արտացոլում են Մարդիգանյանի կյանքը՝ անցած ճանապարհը ցեղասպանության վայրագությունների միջով և փրկությունն ԱՄՆ-ում։ Մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին։ Նրանց թվում է նաև երիտասարդ Ավրորան։

Քանդակի ճակատային մասում Ավրորան առանձնանում է որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը ներկայացրեց աշխարհին՝ դառնալով խիզախումի ու վերապրումի մարմնացում։

Քանդակագործ Վիգեն Ավետիսյանի խոսքով՝ հուշակոթողի կերտումը բարդ և միաժամանակ պատվաբեր աշխատանք էր։

«Ավրորա Մարդիգանյանի քանդակը շատ ավելի բարդ է։ Ես չէի կարող մի գեղեցիկ կնոջ ներկայացնել և անունը դնել Մարդիգանյան։ Ես պետք է պատկերեի նրա ամբողջ կյանքը, անցած ամբողջ ճանապարհը։ Սա ոչ թե գեղեցիկ կնոջ հուշարձան է, այլ գեղեցիկ կյանքի, կոտրման և վերականգման քանդակ է, որը պատմություն է, կյանք»,-ասաց քանդակագործը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի գնահատմամբ՝ քանդակն առաջին անգամ Երևանում ֆիզիկապես մարմնավորում և ներկայացնում է «Ավրորա»-ի արմատները, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է։

««Ավրորա»-ն ներկայացնում է թե՛ մեր անցյալը, թե՛ մեր ապագան՝ մեզ առաջնորդելով մարդասիրական ուղղություններով, ոչ թե՝ մարդասպանության»,-նշեց Աֆեյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը, կարևորելով հուշակոթողի հատուկ նշանակությունն, իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ այն իրականություն է դարձել։

Հուշաքանդակն արժևորեցին ու նրա խորհրդանշական կարևորությանն անդրադարձան նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Աննա Աֆեյանը, Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ, (այսուհետ՝ նախաձեռնության համահիմնադիր) Էրիկ Էսրայիլյանը։

Օրվա առիթով Մատենադարանից հատուկ դուրս բերվեց և ցուցադրվեց «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը, որի վերջին էջը քանդակի նկարազարդմամբ է:

«Մատյան մարդասիրաց»-ը XXI դարում Մատենադարանում ստեղծված առաջին ձեռագիրն է՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը:

Միջոցառումն, օրակարգի համաձայն, նշանավորվեց նաև «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությամբ, ինչպես նաև՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում համերգով՝ ի հիշատակ Ավրորա Մարդիգանյանի:

Ներկայացվեց նաև ֆիլմ-անդրադարձ՝ Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի և «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ստեղծման վերաբերյալ։