Բերբոկի կարծիքը չի ազդի կանցլեր Շոլցի՝ Կիևին Taurus հրթիռներ մատակարարելու մերժման վրա
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի կարծիքը չի ազդի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ուկրաինային Taurus հրթիռներ չմատակարարելու որոշման վրա։ Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Բերբոկը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում պաշտպանել էր Ուկրաինային հեռահար հրթիռներ փոխանցելու և Ռուսաստանի տարածքում դրանք օգտագործելու գաղափարը:
Հեբենշթրայթն ընդգծել է, որ Շոլցի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ:
«Դաշնային կանցլերն արդեն վաղուց հստակ դիրքորոշում է որդեգրել այս հարցի վերաբերյալ, և այն մնում է ուժի մեջ», - հայտարարել է Հեբեշթրայթը:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը նաև նշել է, որ Taurus հրթիռների մատակարարման համար դաշնային կառավարությունում կոնսենսուս է պահանջվում:
Ավելի վաղ Հեբենշթրայթը պարզաբանել էր, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անցկացվող քննարկումները չեն վերաբերում գերմանական զենքին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էրր քննարկել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության թարմացման հարցը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել, եթե հակառակորդը կրիտիկական սպառնալիք է ստեղծում ինքնիշխանության համար, նույնիսկ սովորական սպառազինություն օգտագործելով: Պուտինը հավելել է, որ ոչ միջուկային պետության ագրեսիան, եթե այն տեղի է ունենում միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես համատեղ հարձակում ՌԴ-ի վրա:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ նման որոշումները կայացվում են Ուկրաինայի հակամարտությունում Արևմուտքի ներգրավվածության աճի և «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու» մասին Կիևի «անիրատեսական» հայտարարությունների պատճառով:
Sputnik Արմենիա