Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործընթացներում շրջադարձային փոփոխություններ են արձանագրվել

Իրավապահները հայտնաբերել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի համակարգիչը՝ նրա բանկային փոխանցումների տվյալներով, տեղեկացել է «ՍիվիլՆեթ»-ը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ տվյալները «շրջադարձային փոփոխություններ են արձանագել» կոռուպցիայի գործով, որում ներգրավված է Մինասյանը։

Ըստ հրապարակման՝ համակարգիչը Մինասյանին կամ նրա գործերին է ծառայել 2009-2014 թվականներին, երբ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ էր, ապա Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը։

Լրատվականը գրել է, որ վերականգնված ֆայլերում տեղեկություններ կան բանկային փոխանցումների, էլեկտրոնային նամակագրությունների, պաշտոնյաների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ցանկերի վերաբերյալ, որոնց ֆինանսավորել է Մինասյանը։

ՔԿ-ն Armenia Today-ին չմեկնաբանեց «ՍիվիլՆեթ»-ի հրապարակած տեղեկությունների իսկությունը։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ Մինասյանի գործի հետ կապված որևէ տեղեկատվություն չի հրապարակվում։ Նա հաստատեց, որ գործը ՔԿ-ում նախաքննության փուլում է։

«Այս պահին դա նախաքննական գաղտնիք է»,- ասաց նա։

Դատախազի՝ 2023թ օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ «փողերի լվացման» մեղադրանքով։ 2020թ. մարտի 17-ին նրա նկատմամբ քրհետապնդում էին հարուցել «ապօրինի հարստանալու», «հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու» և «առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու» մեղադրանքներով: 2021-ին դատարանը Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել, նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, որն «Ինտերպոլը» 2022-ին դադարեցրել էր։