ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ. Ի՞ՆՉ Է ՏՎԵԼ ԵԱՏՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր հիմնադրման 10-րդ տարեդարձին հասել է որպես հինգ անդամ երկրների միջև սերտ տնտեսական համագործակցության հարթակ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, VERELQ-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՏՄ-ի զարգացման ընթացքին, նշում է, որ թեև անդամ երկրները նախկինում էլ ունեին սերտ տնտեսական կապեր, միության ստեղծումը էապես խթանել է փոխադարձ առևտուրը և տնտեսական ինտեգրացիան:
«Սկզբնական շրջանում առևտրաշրջանառությունը Միության անդամ երկրների միջև կազմում էր իրենց ընդհանուր առևտրի շրջանառության մոտ 11 տոկոսը: Այս տասնամյակի ընթացքում այդ տոկոսը մի քանի անգամ աճել է՝ տարբեր ոլորտներում հասնելով մինչև 50%-ի», - նշում է Պարսյանը: Նա ընդգծում է, որ այս աճը վկայում է ԵԱՏՄ-ի՝ որպես տնտեսական ինտեգրման գործիքի արդյունավետության մասին:
Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը եղել է բարդ, բայց արդյունավետ գործընթաց: Պարսյանի խոսքերով, «Թեպետ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին միանալու գործընթացը հեշտ չի եղել, սակայն Միությունը Հայաստանի համար դարձել է գումար աշխատելու, արտաքին առևտրաշրջանառությունն ավելացնելու կարևոր գործիքներից մեկը»: Նա հատկապես կարևորում է 2022 թվականից սկսած Հայաստանի վերաարտահանման գործունեությունը, որը խթանվել է ԵԱՏՄ անդամակցությամբ:
Պարսյանը նշում է, որ Հայաստանը դարձել է յուրօրինակ միջնորդ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև: «Սա նաև օգտակար և շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլև Միության անդամ այլ երկրների համար, քանի որ նրանք ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներից իրենց անհրաժեշտ ապրանք են ձեռք բերում և իրենց ապրանքն են վաճառում այդ նույն երրորդ երկրներում», - բացատրում է տնտեսագետը:
ԵԱՏՄ-ի կարևորությունը Հայաստանի համար, ըստ Պարսյանի, չի սահմանափակվում միայն անդամ երկրների շուկաներով: «Միությունը Հայաստանի համար ոչ միայն կարևոր է որպես մեծ շուկա, այլ այդ շուկայի միջոցով մենք կարողանում ենք դուրս գալ այլ երկրներ», - նշում է նա: Որպես օրինակ, Պարսյանը բերում է Իրանի հետ ազատ առևտրի պայմանագիրը, որը հնարավոր դարձավ ԵԱՏՄ-ի շնորհիվ:
Սակայն Պարսյանը զգուշացնում է, որ Հայաստանը դեռևս լիարժեք չի օգտագործում ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: «Ցավոք, մենք այդ հնարավորությունների շատ փոքր մասն ենք օգտագործում: Վերջին տարիների առևտրաշրջանառության բումը, կարծում եմ, ժամանակավոր է», - նշում է նա: Պարսյանը կարծում է, որ անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ ռազմավարություն՝ այս հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար:
ԵԱՏՄ-ի հետագա զարգացման հարցում Պարսյանը կարևորում է միասնական ֆինանսական շուկայի, վճարային համակարգի և արժույթի ստեղծումը: «Երբ մենք վերացնում ենք մաքսատուրքները, սահմանները, պահպանում ենք արժույթը, ապա դրա տատանումները կարող են Միության անդամ որևէ երկրի մեծ վնաս հասցնել: Այդ վնասների ու ռիսկերի նվազման համար մենք պետք է մտածենք միասնական վճարային համակարգի և արժույթի մասին», - բացատրում է տնտեսագետը:
Պարսյանը նաև անդրադառնում է ԵԱՏՄ-ի շրջանակներում ֆինանսական ռեսուրսների հայթայթման հնարավորություններին: Նա գտնում է, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն օգտագործի ԵԱՏՄ-ի ֆինանսական գործիքները՝ վարկերի ներգրավման և տարբեր ֆինանսական փաթեթների ստեղծման համար:
Վերջում Պարսյանը կոչ է անում կշռադատված և երկարաժամկետ հեռանկարի միտված որոշումներ կայացնել ԵԱՏՄ-ի հետագա զարգացման հարցում: Նա ընդգծում է, որ ԵԱՏՄ-ի ներուժի լիարժեք օգտագործումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության կայուն աճին, միջազգային շուկաներում մրցունակության բարձրացմանը և երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը:
«Ժամանակակից աշխարհում առանց տնտեսական ինտեգրումների շատ դժվար է երկարատև կայուն աճ ապահովել», - եզրափակում է Պարսյանը՝ կոչ անելով պետական և մասնավոր հատվածներին ավելի ակտիվ համագործակցել ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու և իրացնելու համար:
Վերջում հավելենք, որ համաձայն վիճակագրության` Եվրասիական ինտեգրացիան հատկապես ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա: Վերջին 9 տարվա ընթացքում երկիրը 6 անգամ ավելացրել է ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ գործընկերների հետ, իսկ արտահանումն աճել է 15 անգամ:
Փաստորեն, ԵԱՏՄ երկրները դարձել են Հայաստանի առանցքային գործընկերները։ Իսկ Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ նրանց մասնաբաժինը 27%-ից հասել է գրեթե 40%-ի՝ հիմնականում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման շնորհիվ։