Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ, ըստ РИА Новости-ի՝ երեքշաբթի կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։

Միջկառավարական խորհրդի նիստում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները երեքշաբթի Եվրասիական տնտեսական միության շրջանակում կքննարկեն ինտեգրման խորացման ընթացիկ խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերին։

Բացի դրանից, կառավարությունների ղեկավարները կդիտարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Միության դիտորդ պետությունները և հրավիրված հյուրերը: Երկուշաբթի ավելի վաղ Ռուսաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։

News.am