ԵՄ երկրները կոչ են արել Լիբանանի հարցով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
ԵՄ անդամ երկրները կոչ են արել անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ նվիրված Լիբանանի իրավիճակին։ Այս մասին հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը միության անդամ 27 երկրների արտգործնախարարների արտակարգ տեսակոնֆերանսից հետո։
«Անդամ երկրները նաև կոչ են անում անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, և մենք դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրենք հրադադարի հասնելու համար»,- ասել է նա։
Բորելի խոսքով, արտգործնախարարները ծայրահեղ մտահոգություն են հայտնել Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ ցանկացած միջամտություն արմատապես կվատթարացնի իրավիճակը։ «Ցանկացած ռազմական միջամտություն կտրուկ կվատթարացնի իրավիճակը, և դրանից պետք է խուսափել»,- ասել է նա։
Բորելը հիշեցրել է, որ Լիբանանում մոտ 1 միլիոն մարդ արդեն իսկ տեղահանված է, և «շատերը փորձում են Սիրիայով լքել երկիրը»։
Կիրակի գիշերը իսրայելական հարվածների թիրախում առաջին անգամ հատնվեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կետրոնը, որից հետո միջազգային հանրությունը հակամարտության հետագա տարածումը կանխելու վերաբերյալ կոչեր հնչեցրեց :
Իսրայելը յոթ օր անընդմեջ ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, որոնց ընթացքում սպանվել են Հըզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իսրայելը նաև ուժեղացրել է հարվածներն Իրանի կողմից աջակցվող այլ զինյալների վրա՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Լիբանանում և թիրախավորելով հութի զինյալներին Եմենում:
ArmRadio.am