Կարեն Իվանով․ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրային խոչընդոտները պահպանվում են

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրային խոչընդոտները դեռևս առկա են, Sputnik Արմենիային ասել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Այսպես է նա մեկնաբանել 2023 թ. դեկտեմբերին ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքը։

Նրա խոսքով՝ փաստաթղթային ոչ մի խոչընդոտ չի մնացել, բայց գործնականում ամեն ինչ հակառակն է թվում։ Եվ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Իրանի գործարար հանրությունն այնքան էլ չի հասկանում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի էությունն ու բնույթը։ Իվանովի կարծիքով՝ Իրանի իշխանությունների առջև պետք է խնդիր դրվի առավելագույն տեղեկատվական աջակցություն ապահովել այդ համաձայնագրին։

Պաշտոնյան նշել է, որ նաև տարբեր տեսակի օժանդակ օրենսդրական ակտերի համաձայնեցման ուղղությամբ կա մեծ ծավալի աշխատանք՝ ԱԱԳ համաձայնագրի լիարժեք գործունեության համար:

«Տնտեսության տարբեր ճյուղերի համար կան համաձայնագրեր և իրավական ակտեր, որոնք ունեն իրենց բարդությունները, հատկապես Իրանում։ Երկիրը երկար ժամանակ փակ էր, ինքնաբավ։ Տարբեր սահմանափակումների և պատժամիջոցների պատճառով Իրանը ստեղծել է իր ներքին տնտեսությունը, արտադրության ամբողջական ցիկլը... Իրանական շուկա մուտք գործելը շատ, շատ դժվար է», - նշել Է Իվանովը։

Իրանն ունի շուկայի և սպառման իր առանձնահատկությունները, ըստ այդմ՝ տարբեր կանոնակարգային նրբությունները։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը ԵԱՏՄ-ին և Իրանին թույլ կտա ապրանքաշրջանառությունն ավելացնել ավելի քան երեք անգամ՝ 2022 թվականին գրանցված 6,2 մլրդ դոլարից հասցնելով մինչև 18-20 մլրդ դոլար։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Sputnik Արմենիա