ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում «սահմանափակ ցամաքային արշավանքներ» է իրականացնում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել Լիբանանի հարավում գտնվող սահմանային գոտում «Հզբոլլահի» թիրախների դեմ:
«Քաղաքական իշխանությունների որոշումներին համապատասխան` մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ – ը սահմանափակ, տեղայնացված և նպատակային ռեյդեր է սկսել (հիմնված ճշգրիտ հետախուզական տվյալների վրա) Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ», - հաղորդում է ՑԱԽԱԼ–ը X սոցցանցում:
Իսրայելի ռազմաօդային ուժերն ու հրետանին աջակցում են ՑԱԽԱԼ-ի ցամաքային զորքերին Լիբանանում գործողության ընթացքում:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան:
Sputnik Արմենիա