Արթուր Խաչատրյան․ 1 մլրդ դրամի «պադավատ» եք առել. գուցե ուղղեիք Գյումրիի՞ն
Գյումրիում դեռևս 16 թվականից սկսած լայնածավալ բարեկարգման աշխատանքները պետք է շարունակվեն, Գյումրու վրայից պետք է դուրս գա «աղետի գոտի» պիտակը, ՀՀ 2-րդ քաղաքը պետք է զարգանա և զարգացումը կենտրոնից պետք է տեղափոխվի Մուշ, Անի, Շերամ թաղամասեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Բայց մի հետաքրքիր բան կա, Կառավարությունը գովելով, որ մենք շատ փող ունենք, 1 մլրդ պարտք է վերցնում: Եթե չկա, իհարկե, պետք է վերցնել, բայց այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել:
Այսինքն, մի քաղաքական ուժ, որը պադավատապետության դեմ էր բողոքում, մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի:
Միգուցե ճիշտ կլիներ այն մի միլիարդը, որը պադավատների վրա եք մսխել ուղղվեր Գյումրիի վրա և այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ: Կամ պարտք վերցնելու փոխարեն, երբ այդ մեկ մլրդը մսխվեց պադավատների վրա, ուղղվեր Գյումրի և ոչ թե լրացուցիչ պարտքային բեռը ավելացվեր»,- ասաց պատգամավորը:
ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքեց, թե նման գնումները ծառայում են պետությանը՝ հավելելով, որ այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև «Հայաստան» խմբակցությունը։
News.am