Քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա և գործադուլ են հայտարարել

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել կառավարության շենքի մոտ։

Ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինստիտուտի ապօրինաբար օտարված ջրավազանի տարածքում կառուցվող հսկայական շենքի տարածքում հսկայական բազմաբնակարան շենք է կառուցվում, որը 4 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի է ունենալու։

«Շինարարկան աշխատանքները խանգարում են իրականացնելու մեր գիտական հետազոտությունները, քանի որ այդ հորատման աշխատանքների հետևանքով ցնցումների պատճառով չեն կարողանում աշխատել ոչ գիտաշխատողները, ոչ էլ մեր թանկարժեք սարքավորումները, որոնց տված տվյալները ստացվում է ոչ հավաստի։

Արդյունքում նաև գիտաշխատողների ծրագրերի իրականացման ժամանակացույցն է խախտվում։ Կառավարությունը մի դեպքում աջակցում է մեզ, որ իրականացնենք բարձր որակի գիտական աշխատանքներ, մյուս կողմից՝ շինարարության թույլտվություն են տալիս, որը մեզ խանգարում է։

Շինարարության հետևանքով շենքում ճաքեր են առաջացել, որոնք մեծանում են, անգամ նկուղային հարկերում միջնապատեր են փլուզվել ահազանգել ենք, եկել են՝ տեսել են, բայց ոչ մի հետևանք։

Ստացվում է, որ ուր դիմում ենք՝ գալիս են, արձանագրում են խնդիրները, տուգանում ու թողնում գնում են։ Իրավիճակ չի փոխվում»։

Տնօրենը նաև պատմեց, որ իրենք կառավարությանն առաջարկել են, որ իրենց տեղափոխեն, որից հետո շինարարությունն իրականացնեն, բայց ոչ շինարարությունն արգելել, ոչ էլ իրենց տեղափոխել, արդյունքում ծրագրերն անհնար է իրականացնել։ Մյուս կողմից էլ՝ Սահակյանն հայտնեց, որ այժմ ինստիտուտը կանգնած է մեկ այլ խնդրի առաջ։

«Պետգույքի կառավարման կոմիտեն վերջին շրջանում շենքեր է փնտրում՝ վարձակալության հանձնելու համար։ Վերջերս կոմիտեից ԳԱԱ-ին գրություն է իջեցվել, որ մեր մասնաշենքերից մեկը ուզում են տրամադրել ճանապարհային դեպարտամենտին, բայց այդ մասնաշենքում լիարժեք գիտական աշխատանքներ են իրականացվում»։

Նա ընդգծեց, որ իրենք 2-օրյա գործադուլ են հայտարարում, որպեսզի իրենց բողոքի ձայն հասցնեն կառավարությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել էր, թե Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը ՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,- գրել էր Կոստանյանը։

Սակայն պարզվում է, որ շինարարությունը շարունակվում է, ավելին՝ նոր դրսևորումներ ստանում։

«Փաստինֆո»