Գոլովչենկո․ Բելառուսի «Եվրասիական էլեկտրոբուս» նախագիծը դոփում է տեղում
ԵԱՏՄ-ում էլեկտրական ավտոբուսների կոոպերացիոն արտադրության նախագիծը, որն առաջարկել Է Բելառուսի կառավարությունը, առայժմ դոփում է տեղում։ Այս մասին Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Մինսկը համագործակցության համար առաջարկել է հենց էլեկտրատրանսպորտը՝ հաշվի առնելով, որ և՛ տեխնոլոգիաների մակարդակով, և՛ արտադրության ծավալներով ԵԱՏՄ-ն հետ է մնում առաջատար արտադրողներից և ստիպված է մեծացնել նման ապրանքների ներմուծման ծավալը: Գոլովչենկոն նշել է` եթե խոսենք ավելի լայն տեսանկյունից՝ ապա կոոպերացիան պետք է բերի մրցունակ արտահանման ապրանքների զարգացմանը։
«Տնտեսապես զարգացած երկրները մեզ դիտարկում են բացառապես որպես հումքի և իրենց ապրանքների իրացման աղբյուր։ Եթե մենք ուզում ենք փոխել իրավիճակը, պետք է ներմուծումից անցնենք արտահանման, սեփական տեխնոլոգիաներն ավելի ակտիվ զարգացնենք», - հավելել Է Բելառուսի վարչապետը։
Այս առումով նա կարևորել է առանցքային ոլորտներում կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի սուբսիդավորման ծրագրի լիարժեք գործարկումը։
Երևանում սեպտեմբերի 30-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը, որի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներ և առաջնահերթություններ»: Համաժողովը նվիրված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին: Միջոցառումը տեղի է ունենում այս տարի ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա