Բագրատ Սրբազան․ Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են
Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով: Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 2-ին ժամը 18․30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով, ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորն ու կատարի պահանջվածը։
Հուսահատության, խեղճության և կասկածամտության, անզորության զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումների ժամանակը վաղուց սպառված է։
Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։
Սպասելու եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում՝ հայոց գալիք հաղթանակի տեսլիքով։
Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։
News.am