Բագրատ Սրբազան․ Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են

Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով: Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 2-ին ժամը 1830-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով, ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորն ու կատարի պահանջվածը։

Հուսահատության, խեղճության և կասկածամտության, անզորության զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումների ժամանակը վաղուց սպառված է։

Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։

Սպասելու եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում՝ հայոց գալիք հաղթանակի տեսլիքով։

Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։

News.am