Ալիևի պահանջը կատարված է, մավրը արեց իր գործը. Մանուկյանը` ՍԴ որոշման մասին
Երեկ Սահմանադրական դատարանը իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները և ձեռք բարձրացրեց ՀՀ ծննդյան վկայականի` անկախության հռչակագրի վրա։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով` ՀՀ սահմանդրության 168–րդ հոդվածով հստակ թվարկված են ՍԴ լիզորությունները, որտեղ չկա որևէ կետ անկախության հռչակագրի կետերի մեկնաբանության լիազորությունների վերաբերյալ։
«Հանուն արդարության պետք է փաստեմ, որ ՍԴ—ն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության հռչակագիրը, ինչպես երեկվանից առանձին անձինք մեկաբանում են։ Բայց նաև հանուն ճշմարտության նորից արձանագրենք, որ ՍԴ–ն կամ անգամ ժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության հռչակագիրը, ինչը փորձ է կատարել անել դատարանը»։
Որպես օրինակ Մանուկյանը ԱԺ ամբիոն էր բերել ԱՄՆ անկախության հռչակագրի օրինակը` ընդգծելով, որ 200 տարվա ընթացքում որևէ մեկի մտքով չի անցել թեկուզ մեկ տառ փոխել այդ փաստաթղթում։
Սակայն ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 34–րդ տարում ՀՀ–ում Սահմանադրական դատարանը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, հարձակվել էփաստաթղթի վրա, իսկ դա հակասահմանադրական է։
«Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության դիմումում անգամ կառավարությունը ՍԴ–ից չի ակնկալել ստանալ անկախության հռչակագրի մեկնաբանումը։ Այդ դեպքում ինչո՞ւ է որոշման մեջ տողատակերում տեղ գտել հռչակագրի առանձին կետերի` ի մասնավորի Արցախին վերաբերող դրույթի վերաբերյալ եզրակացությունը։ Այստեղ է թաքնված շան գլուխը»,–ասաց նա։
Պատգամավորի դիտարկմամբ` խուճուճ ձևակերպումների տողատակի մեջ ՍԴ եզրակացության այդ հատվածը պետք էր իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին որպես պատասխան Ադրբեջանի ամեն օր ահագնացող, այդ թվում՝ Սահամանդրության փոփոխության պահանջներին։
«Ալիևի պահանջը կատարված է, ՍԴ–ն արդեն ունի որոշում։ Մավրը արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ։ Այս որոշման հեղինակ Վահե Գրիգորյանը թերևս առաջիկայում նշանակվի Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ։ 9 տարով հայդե Ստրասբուրգ, իսկ մենք մնալու ենք ՀՀ–ում ու հարկ եղած դեպքում պաշտպանելու ենք ՀՀ–ն»,–հավելեց Մանուկյանը։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։
Sputnik Արմենիա