2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-2018 ԵՎ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-2024…
2018թ. հոկտեմբերի 2-ին գործադիր իշխանության ղեկավարի կոչով տեղի ունեցավ խորհրդարանի զավթումը։ Առիթը կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությունն էր, այլ կերպ ասած՝ պատգամավորական կորպուսը գործում էր իր լիազորությունների շրջանակներում։ Հոկտեմբերի 2-ին է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշանակել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմնակիցների հավաքը Հանրապետության հրապարակում՝ ի նշանավորում բռնապետական ռեժիմի դեմ պայքարի երկրորդ փուլի մեկնարկի: Կազմակերպիչները նախատեսում են, որ ակցիան կհավաքի մոտ 80 հազար մասնակից։ Նույն օրը Փաշինյանը գնալու է խորհրդարան՝ մասնակցելու պատգամավորների և կառավարության հարցուպատասխանի նիստին: Արքեպիսկոպոսն իր կողմնակիցներին հրապարակ է հրավիրել ժամը 18:30-ին, իսկ Փաշինյանի մասնակցությամբ նիստը կսկսվի ժամը 16:30-ին:
Հիշեցնելով 6-ամյա վաղեմության դեպքերը՝ հղում կատարեմ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովից ԳԱ-ի տաք հետքերով վերցրած հարցազրույցին. «Փաշինյանը տանում է Հայաստանը դեպի բացարձակ բռնապետություն, նրան հաջողվեց հոկտեմբերի 2-ին շանտաժով զավթել խորհրդարանի շենքը։ Եթե այսօր Հայաստանում մնացել է օրինականության գոնե մի նշույլ, ապա միայն ի դեմս ՍԴ-ի և նրա նախագահի»։ Խորհրդարանը զավթելուց հետո Փաշինյանն ուժգնացրեց Հրայր Թովմասյանի նկատմամբ բռնաճնշումները, այդ ճնշումները շարունակվում են նաև այսօր, երբ Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, այլ շարքային դատավոր:
2018թ.հոկտեմբերի 2-ին սկիզբ դրվեց բռնապետությանը, 6 տարի անց քաղաքական բռնաճնշումների գլխավոր թիրախը նույն մարդիկ են. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Օրերս Փաշինյանի կողմնակից փաստաբան Տիգրան Եգորյանը սպառիչ նկարագրություն տվեց, թե ինչպես է բռնաճնշումների երկրորդ շրջափուլը կրկնելու առաջինի նշանները։ Առաջինի ընթացքում, հիշեցնեմ, դատարանին չհաջողվեց ապացուցել Փաշինյանի գլխավոր թեզը, թե «մարտի 1-ի գործը 100 տոկոսով բացահայտված է»։ Երկրորդ փորձը կոչված է պարտադրելու հասարակությանը հերթական մոլորությունը, թե իբր՝ այս անգամ 10 անձանց մահվան գործը կբացահայտեն, տալով մարդասպանների անունները։ Եգորյանի վերջին ելույթից հետևում է, որ խոսքը հերթական կեղծիքի մասին է։
«Ռոբերտ Քոչարյանը չի արդարացվել, պարզապես մեղադրանքի հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Սա ամենևին չի նշանակում, թե այսօր այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվելու, վերաբերում է այլ արարքների։ Արարքները նույնն են, բայց դրանք նկարագրվելու են այլ հոդվածով: Բարձրաստիճան պաշտոնյաները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, ինչը հանգեցրել է հետևանքների՝ մարդկանց մահվան: Դեռևս անհնար է պատասխանել այն հարցին, թե երկրորդ նախագահին ու մի խումբ անձանց մեղավոր ճանաչելուն կհաջորդեն արդյոք կալանավորումներ։ Գլխավորն այն է, թե ով է հրաման տվել և կազմակերպել մարտի 1-ի իրադարձությյունները»,- հայտարարեց Եգորյանը։
Հայտարարությունից հետևում է նախնական կետին վերադառնալու փաստը. 10 հոգուն սպանողների անունները չեն բացահայտվելու, և այդ առնչությամբ իշխանությունը բազմիցս վկայակոչել է կեղծ պարկուճները, որոնցով փոխարինվել են իրական պարկուճները: Փոխարինումը, ըստ Փաշինյանի կողմնակիցների, տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ի դեպքերից անմիջապես հետո: Վերջերս «Գոլոս»-ը իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ ոմն քաղաքացի 6 տարի պահել է դեպքի վայրից վերցրած պարկուճը, իսկ վերջերս փոխանցել է դա պատկան մարմիններին, ընդ որում փորձաքննությունն անմիջապես ցույց է տվել, որ պարկուճն իսկական է: Այս մասին Եգորյանը ոչինչ չասաց, ամեն ինչ կրկին հանգեցվեց 0038 գաղտնի հրամանին և սահմանադրական կարգը տապալելու մեջ գեներալներ Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրելուն:
Եգորյանն ասում է, թե այդ անձանց, ինչպեսև երկրորդ նախագահի արարքները նույնն են մնացել, բայց չէ՞ որ 6 տարվա ընթացքում ոչ ոք չի ապացուցել, թե 2008թ. մարտի 1-ին տեղի է ունեցել իշխանության հակասահմանադրական զավթում նույն այդ իշխանության կողմից: Եթե այս մեղադրանքը ճանաչվեր իրականությանը համապատասխանող, ապա հարկ կլիներ օրենքից դուրս ճանաչել ամբաստանյալ անձանց ստորագրած հետագա բոլոր որոշումները...
Երբ երկիրն ազատվի «վնգստացող դատավորներից», ապա իրենց աշխատատեղեր կվերադառնան այն դատավորները, որոնցից ռեժիմն ազատվել է՝ Նիկոլի դուդուկի տակ պարել չցանկանալու պատճառով։ Այդժամ դատական համակարգում կտիրի օրենքը, և կոնկրետ տվյալների հիման վրա կապացուցվի, որ իշխանության հակասահմանադրական զավթում Հայաստանում իսկապես տեղի է ունեցել։ Բայց ոչ թե 2008-ի մարտի 1-ին, այլ 2018-ի ապրիլ-մայիսին, իսկ մարտի 1-ին կասեցվել է Փաշինյանի, նրա քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի և բազմակուսակցական կոնգրեսի առաջնորդների կողմից իշխանության զավթման փորձը։ Դա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը՝ ի դեմս Փաշինյանի և այլոց, ոչ թե քայլում էր առաջին շարքերում, այլ թաքնվում ժողովրդի թիկունքում, իր կողմնակիցներին դրդելով ոստիկանության հետ բախումների և արյունահեղություն հրահրելով։
Տողերիս հեղինակը ցանկանում է, որ ընթերցողը լիակատար չափով զգա մարտի 1-ի գործը երկրորդ շրջափուլով քննելու «լրջությունը», ուստի չի լինի չհիշատակել 2024 թվականի ամենասկանդալային դրվագը։ Ինչպես պարզվեց, Փաշինյանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ է նշանակել Հրայր Գեղամյանին, որի մասին Սասուն Խաչատրյանը (այժմ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, իսկ 2018-ին՝ Հատուկ քննչական ծառայության պետ) ասել է, որ «2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ նա ապահովել է օլիգարխների ունեցվածքի անձեռնմխելիությունը»։
Այս հայտարարությունը հնչեցվեց Խաչատրյանի և այն ժամանակ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի համատեղ ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը նվիրված էր հրապարակված հեռախոսազրույցներին (գաղտնալսման հանրահայտ գործը)։ Գաղտնալսված զրույցներից մեկը բացահայտեց դատավորի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ երկրորդ նախագահին կալանավորելու հարցում։ Խաչատրյանի արտաբերած տեքստից հետևում էր, որ դատավորը «ուզի, թե չուզի՝ պետք ա տա սանկցիան»…
Այսօր Հայաստանում մեկ անձի բռնապետություն է, նրա քմայքները սպասարկում է ողջ պետական մեքենան, այդ թվում՝ ուժային գերատեսչությունները։ Խորհրդարանի զավթումից 6 տարի անց Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ հալածանքների են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների համար, հազարավոր մարդիկ արդեն տուժել են ռեժիմի բռնաճնշումներից:
6 տարի առաջ հոկտեմբերի 2-ին զավթումը սկսվեց խորհրդարանի շենք Փաշինյանի կողմնակիցների ներխուժմամբ։ Մոլեգնած մարդիկ չափչփում էին հարկերը՝ հանրապետականների ու դաշնակցականների փնտրտուքով, որպեսզի ֆիզիկական հաշվեհարդար տեսնեին նրանց նկատմամբ, իսկ նույն այդ ժամանակ Փաշինյանը խորհրդարանի շենքի աստիճաններին հրամանագրեր էր ստորագրում նախարարների հրաժարականների մասին, որոնք իր առաջին կառավարության կազմ էին պատվիրակվել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կողմից։
Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակ կգան նրանք, ովքեր հավատում են, որ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը կարող է մոտեցնել Փաշինյանի հրաժարականը։ ՔՊ վերնաշերտը չի թաքցնում արքեպիսկոպոսի ծրագրերի նկատմամբ հեգնանքը, պարագլխի շրջապատը վստահ է, որ Փաշինյանը ոչ մեկին չի տա իշխանությունը, մինչդեռ 6 տարի առաջ բռնապետը պնդում էր, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին…